Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, շարունակվեց Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը, որով փաստաբանը բողոքարկում է Գեւորգ Սաֆարյանի՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու գործով որպես տուժող ճանաչվելու վերաբերյալ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Դատարանում Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանում դատարանն անկախ չէ եւ ենթարկվում է իշխանություններին:
«Անիմաստ է ասել, որ Հայաստանում կա գոնե մեկ դատարան, որը քաղաքական իշխանություներին չի ենթարկվում: Կարծում եմ, որ ոչ իմ, ոչ էլ հանրության համար որեւէ կասկած չկա, թե դատարանի որոշումն ինչպիսին է լինելու, սա ընդամենը ձեւական ընթացակարգ է, որ մենք անցնում ենք»,-ասաց նա:
Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է 2016թ-ի հունվարի մեկից: Նա նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշեր ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, որի մեջ դատարանը մեղավոր էր ճանաչել նրան եւ դատապարտել երկու տարի ազատազրկման:




























