Ոչ մի հիմնավորված քայլ չի կարող սպառնալ Հայաստանի միջազգային վարկանիշին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբավորման նախագահ Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից Վրաստանում ՆԱՏՕ–ի  «Agile Spirit – 2017» զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելը։

Չնայած այն հանգամանքին, որ Ռուստամյանը  մանրամասներին տեղյակ չէ, պատգամավորը վստահ է, որ դրա համար Հայաստանը հիմնավոր պատճառներ ուներ։ «Հրաժարվելը չի կարող առանց որեւէ հիմքի լինել։ Ես այդ պատճառների մասին չգիտեմ, սակայն վստահ եմ, որ դրանք հիմնավոր են»,– ասաց Արմեն Ռուստամյանը։

Հարցին, թե ռուսական կողմը Հայաստանի վրա ճնշում չի գործադրել արդյոք, պատգամավորը պատասխանեց. «Ճնշման մասին չի կարելի խոսել, քանի որ վերջին հաշվով մենք այլ աշխարհաքաղաքական տարածքում ենք գտնվում, եւ մենք ավելի կոնկրետ ձեւաչափեր ունենք մեր հիմնական ռազմաքաղաքական խնդիրների լուծման համար»։

Անդրադառնալով նրան, թե դա չի վնասի արդյոք Հայաստանի միջազգային վարկանիշին եւ ՆԱՏՕ–ի հետ համագործակցությանը, Ռուստամյանը նշեց. «Ոչ մի հիմնավորված քայլ չի կարող սպառնալ Հայաստանի միջազգային վարկանիշին, եթե Հայաստանը կատարում է այդ քայլը՝ ելնելով սեփական շահերից եւ անվտանգությունից։ Կենսական շահերը միշտ գերակա նշանակություն ունեն միջազգային հանրության մեջ։ Եվ եթե մեր անվտանգությունը մի համակարգում է, իսկ մյուս համակարգը հակադրվում է դրան, մենք չենք կարող միաժամանակ երկու տեղում լինել։ Դա տրամաբանական է»։