Թալիշում ադրբեջանական կողմից հրաձգությունները կանխելու շուրջ բավականին զանգվածային աշխատանքներ են տարվել։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը։
Նա նշեց, որ ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ, որ Թալիշի կամ Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվի։ «Սակայն ամեն ինչ արվում է՝ հրազենից կրակոցներ թույլ չտալու համար»,-ընդգծեց գնդապետը։
Դրա հետ մեկտեղ Առուստամյանը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում ղարաբաղյան բանակը ադրբեջանական կողմին շատ ավելի կոշտ է պատասխանում՝ ավելի հզոր զինատեսակներ գործածելով։ Այդ պատճառով, ըստ Առուստամյանի, հայկական կողմը ակտիվ գործողություններ սկսելու եւ առաջինը հարձակվելու անհրաժեշտություն չունի։




























