Դավթաշեն թաղամասում երեքսենյականոց բնակարանների մասնաբաժինն ամենամեծն է Երեւանում։ «Երեւանի բոլոր թաղամասերի բնակարանների գները Ռուսական ռուբլով նվազել են» հոդվածում ներկայացվել էին միջին մակերեսի բնակարանների գները ըստ մայրաքաղաքի թաղամասերի։

Նշենք, որ որոշ բազային տվյալներ, որոնք օգտագործվել են այդ հաշվարկների համար, լրացուցիչ բացատրություններ են պահանջում։ Նախ նշենք, որ Երեւանի բնակարանային ֆոնդում ամենամեծ մասնաբաժինն ունեն երեքսենյականոցները, հետո՝ փոքր տարբերությամբ՝ երկուսենյականոցները (տես գրաֆիկը)։ Նման բնակարաններն ակնհայտորեն գերակշռում են մայրաքաղաքային ֆոնդում, 70 տոկոս ընդհանուր մասնաբաժնով։

Մայրաքաղաքում (ինչպես եւ մարզերում) բազմաբնակարան շենքերի ճնշող մեծամասնությունը դեռ խորհրդային ժամանակաշրջանում է շահագործման հանձնվել։ Այդ ժամանակ, ինչպես հայտնի է, քաղաքացիներին տրամադրվող պետական բնակարաններում սենյակների քանակությունը ընտանիքի մեծությունից էր կախված։ Որքան մեծ էր ընտանիքը՝ այդքան շատ սենյակներ էին տրամադրվում։ Նկատենք, որ այն ժամանակներում մայրաքաղաքում միջին ընտանիքներն ունեին 4-ից ավելի անդամ (հիմա այդ ցուցանիշն ավելի ցածր է)։ Դրանով էլ հենց որոշվում է երկու ու երեք սենյականոց բնակարանների համեմատաբար բարձր մասնաբաժինը։

Իսկ ըստ վարչական շրջանների՝ այդ ցուցանիշները զգալիորեն տարբերվում են ( տես աղյուսակը)։ Օրինակ Դավթաշենի բնակելի ֆոնդում քաղաքի մասշտաբով երեքսենյականոց բնակարանների ամենամեծ մասնաբաժինն է (63․6 տոկոս), Շենգավիթում՝ ամենացածրը՝ 28 տոկոս։ Հնարավոր է Շենգավիթի ցածր ցուցանիշը, բացի ամենայնից, պայմանավորված է նաեւ այդ թաղամասում հանրակացարանների զանգվածային սեփականաշնորհումով։ Հասկանալի է, որ Դավթաշենում «միջին բնակարանի» մակերեսն ավելի մեծ է, քան Շենգավիթում, ու մեկուկես անգամ թանկ։ Դրանում իհարկե իրենց դերն են կատարում նաեւ այլ գործոններ։

Հիմա, շուկայական տնտեսության անցնելուց հետո, գնորդների համար որեւէ սահմանափակում չկա։ Յուրաքանչյուրը, ըստ իր ֆինանսական հնարավորությունների, կարող է ընտրել ցանկացած բնակարան։ Օրինակ նորակառույց շենքերում կան բնակարաններ, որոնք խորհրդային ժամանակների համար աներեւակայելի մակերես ունեն։ Գներն էլ, բնականաբար, աներեւակայելի են։

Սմբատ Գրիգորյան