Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող վերադարձել է հայրենիք՝ բուժումը շարունակելու նպատակով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսի Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին դանակով զինված անձինք հարձակում էին իրականացրել զբոսաշրջիկների դեմ: Զոհվել էր 2 անձ, տուժածների թվում կային ՀՀ 2 քաղաքացիներ։

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը օրերս հայտնել էր, որ տուժած կինն ապաքինվում է, եւ եգիպտացի մասնագետներն արդեն հնարավոր են համարում առաջիկա օրերին նրա տեղափոխումը Հայաստան։ Նա բուժման ընթացքում գտնվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության մշտական ուշադրության եւ հոգացության կենտրոնում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից առաջին ազդանշանն ստանալուց հետո օգոստոսի 3-ին Եգիպտոս էր գործուղվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը` տուժածի վիճակին տեղում ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հայ վիրաբույժը եգիպտացի մասնագետների հետ իրականացրել էր երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել էին լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։ Դեռ պրոֆեսորի Կահիրեում գտնվելու ժամանակ հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Օգոստոսի 9-ին, վիճակի բարելավումով, նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխել էին հիվանդասենյակ։