«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Սա քաղաքական հետապնդում է Անդրիասի հանդեպ: Զանգվածային անկարգություն պետք է եղած լինի, որ մի հատ էլ նման մեղադրանք ներկայացնեն իրեն»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Անդրիաս Ղուկասյանի գործով դատական  նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց նա:

 Արմեն Մարտիրոսյանին եւս նույն մեղադրանքն է առաջադրված, մի քանի ամիս կալանքի տակ գտնվելուց հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նա վստահեցրեց, որ իրենք, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանը, ՊՊԾ գունդը գրավածներին միանալու կոչեր չեն հնչեցրել, հակառակը՝ քաղաքացիներին զգուշացրել են, որ իրենց մեջ «իշխանության սադրիչներ» կան եւ պետք է զգույշ լինել: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իր ազատ արձակումից հետո դեռ ոչ մի քննչական գործողություն տեղի չի ունեցել, վկաների հարցաքննություն, առերեսում չի եղել եւ գործում առկա է միայն իր դեմ ցուցմունք տված երկու ոստիկանի ցուցմունքը:

 «Անգամ վկաներ չկան, ո՞վ պետք է լինի…գուցե կեղծ վկաներ բերեն, ինչպես Անդրիասի դեպքում, բայց ակնհայտ էր, որ մեր՝ քաղաքական գործիչներիս գործողությունները բացառապես քաղաքական են եղել: Բոլորն էլ ուղիղ եթերով տեսել են, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 29-ին: Ոստիկանության կողմից ապօրինի ուժային գործողություն է եղել քաղաքացիների հանդեպ, մեծածավալ բռնություն է եղել: Ուղիղ եթերից պարզ էր, որ ոչ մի զանգվածային անկարգություն էլ չկա»,-ասաց նա: