Ֆրանսիայում դատարանը Closer պարբերականին պարտավորեցրել է բրիտանական արքայական ընտանիքին 100 հազար եվրո փոխհատուցում վճարել՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները հրապարակելու համար, հաղորդում է «Մեդուզա»-ն։

Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամը պարբերականից 1.5 մլն եվրո էին պահանջել։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, 50 հազար եվրո կստանա։ Closer-ի նախկին խմբագրին եւ պարբերականի ներկայացուցչին 90 հազար եվրոյով տուգանել են։ Երկու լուսանկարիչներին 10 հազար եվրոյով են տուգանել։ 

Պարբերականը 2012 թվականին Ֆրանսիայի հարավում արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հանգստի լուսանկարներն էր հրապարակել։ Որոշ լուսանկարներում Միդլթոնը թոփլես էր։ Բրիտանական պարբերականները հրաժարվել են լուսանկարները վերահրապարակել։

Դատարանում Ուիլյամի ներկայացուցիչները հնչեցրել են նրա հայտարարությունը։ Արքայազնն ընդգծել է, որ մասնավոր կյանք ներխուժումը հատկապես «ցավալի էր»՝ հաշվի առնելով նրա մոր՝ լեդի Դիանայի նկատմամբ պապարացիների վերաբերմունքը։