Դանիացի գյուտարար եւ Nautilus սուզանավի սեփականատեր Պետեր Մադսենը, որին շվեդ լրագրող Քիմ Վալի մահվանը մասնակցություն ունենալու մեջ են կասկածում, խոստովանել է, որ հանգուցյալի մարմնի հետ անպատշաճ է վարվել։ Այս մասին հաղորդում է BT դանիական պարբերականը՝ վկայակոչելով Մադսենի փաստաբանին։ 

«Միայն կարող եմ ասել, որ լրագրողին ծովում հուղարկավորելով՝ նա խախտել է «մարմնի հետ անպատշաճ վարվելու մասին» դրույթը»,-ասել է կասկածյալի փաստաբան Բեթին Հալդ Էնգմարկը։

Երեքշաբթի Կոպենհագենում դատական նիստի ժամանակ հետաքննության ողջ ընթացքում Մադեսնին կալանքի տակ պահելու մասին որոշում կկայացվի։ Գյուտարարին կասկածում են զոհվածի մարմնի հետ անպատշաճ վարվելու, կանխամտածված կամ չկանխամտածված սպանության մեջ։

Քիմ Վալն անհետացել էր օգոստոսի 10-ին՝ 46-ամյա դանիացի գյուտարար Պետեր Մադսենի հետ Nautilus սուզանավում լողալուց հետո։

Հարցաքննության ժամանակ կասկածյալն ասել է, որ Քիմ Վալը դժբախտ պատահարի հետեւանքով զոհվել է սուզանավում, եւ ինքը նրա մարմինը հուղարկավորել է ծովում։ Ավելի վաղ գյուտարարը պնդում էր, թե սուզանավով զբոսնելուց հետո նրան ափ է հասցրել։