ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի անդամներին` նախարարության կողմից մշակված նոր ծրագրերն ու համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում կողմերը քննարկել են «Գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման 2017-2025 թթ. ռազմավարության», վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրերը, դրանց իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերն ու անկնալվող արդյունքները:

Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պիլոտային ծրագրին, խորհդատվական համակարգերի բարելավմանն ու մասնագիտական կրթության որակի ապահովմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում ընդգծել է պետական հատվածի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների սերտ համագործակցության կարեւորությունը, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման փուլում հանրային ակտիվ քննարկումների եւ ծրագրերի վերաբերյալ մարզերում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կառուցողական համագործակցության համար` Դաշինքի համանախագահ Մարգարիտա Հակոբյանը կարեւորել է գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման  ռազմավարության մշակման աշխատանքներում դաշինքի ներգրավումը, որը հնարավորություն է տվել, որպեսզի քաղաքացիական հասարակության, տեղական իշխանությունների առաջարկները նույնպես արտացոլվեն այդ փաստաթղթում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Դաշինքի կողմից ոլորտում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման, ազդեցության գնահատման, գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման ռազմավարության լրամշակման վերաբերյալ:

Կողմերը պայմանավորվել են նաեւ ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական դաշտը եւ առաջարկություններ կներկայացնի ոլորտի բարելավման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եւ Դաշինքի համանախագահներ Մարգարիտա Հակոբյանը, Վարդան Ուռուտյանը եւ Մերի Նիկողոսյանը:

Հուշագրի նպատակն է օժանդակել կողմերի միջեւ գործակցության ամրապնդմանը` նպաստելով Հայաստանում գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության կայուն զարգացմանը: