Ուգանդայի խորհրդարանը կանանց առեղծվածային սպանությունների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքները։ AP-ն հաղորդում է, որ խորհրդարանը դադարեցրել է աշխատանքները, քանի որ կառավարությունը երկրի մայրաքաղաքի մատույցներում կանանց սպանության գործով հաշվետվություն չի ներկայացրել։ Մտավախություններ կան, որ այնտեղ սերիական մարդասպան է գործում։
Հունիսի սկզբից Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի մատույցներում 20 կին է սպանվել։ Ոստիկանությունը հայտարարում է, որ սպանությունները փոխկապակցված չեն եւ սերիական մարդասպանի հետ կապված ապացույցներ չկան։ Սակայն տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհերի մեծամասնությունը սպանությունից առաջ սեռական բռնության է ենթարկվել։




























