Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքի Պետրոպավլովյան ամրոցում բացվել է «Երեւան. քաղաքը եւ մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ շուրջ 86 լուսանկարներից կազմված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Երեւանի քաղաքապետն ու Սանկտ Պեդտերբուրգի նահանգապետը շրջել եւ ծանոթացել են ներկայացված լուսանկարներին: Պատասխանատուները նշել են, որ Երեւան քաղաքի պատմության եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուն հանդիսացող լուսանկարները ներկայացնում են Երեւանի հին ու նոր փողոցները, թաղամասերը, հասարակական շենքերը, հուշարձանները, համաքաղաքային եւ տոնական միջոցառումները, ինչպես նաեւ այն մարդկանց, ովքեր կարեւոր դերակատարում են ունեցել Երեւանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:
Ի դեպ, Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում բացված «Երեւան. քաղաքը եւ մարդիկ» խորագրով ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 6-20-ը:

























