Հայաստանն անհրաժեշտ է համարում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համագործակցությունը շարունակելու մասին համաձայնագրին միանալը։ Այս մասին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Հանձնաժողովը  հավանություն է տվել համաձայնագրի վավերացմանը։

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը գործում է 1992-ից, այդ ժամանակահատվածում Հայաստանում այն ֆինանսավորել է տասնյակ գիտական ծրագրեր։ «Կենտրոնը մեզ միլիոնավոր դոլարների աջակցություն է տրամադրել եւ օգնել է շատ գիտնականների եւ գիտական կոլեկտիվների աշխատանքին»,– ասել է Հարությունյանը։

ԵՄ–ի հետ համագործակցության շրջանակում Հայաստանը միացել է նաեւ նրա «Horizon – 2020» դրամաշնորհային ծրագրին, սակայն մեկը մյուսին չի խանգարում. Եվրոպացի  գործընկերներն անգամ գնահատում են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի մեծ փորձը որոշ հետխորհրդային հանրապետություններում։

Նշենք, որ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի անդամներ են ԵՄ–ն, ԱՄՆ–ը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Նորվեգիան, ինչպես նաեւ Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանն ու Տաջիկստանը։