Սեպտեմբերի 4-ին և 5-ին Երեւանում տեղի ունեցավ Հանրային անվտանգության ինստիտուտի բացմանը նվիրված համաժողովը:

Երկօրյա համաժողովի ծրագրով արդիական զեկուցումներ ներկայացվեցին ՀՀ առաջատար փորձագետների կողմից, մասնավորապես՝ քննարկվեցին հարցեր հանրային անվտանգության, հայեցակարգային իշխանության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, տեղեկատվական պատերազմների և նախադեպային իրավունքի վերաբերյալ:

Թեմատիկ զեկուցումները, ելույթներն ու քննարկումները նպատակաուղղված էին Հանրային անվտանգության ինստիտուտի ձևավորման հիմքերի ամրապնդմանը, գործունեության հիմնական ուղղությունների ամրագրմանն ու ապագայում կայուն զարգացմանը:

Միջոցառման ընթացքում բանախոսներն ու ներկաները խոսեցին այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են ՀՀ առաջընթաց զարգացմանը. Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը նշեց մի քանի պատճառներ. ՙՄենք չունենք պետական մտածելակերպ, կոռուպցիան շատ բարձր մակարդակում է, իսկ մարդիկ՝ հայերը, երազում են Հայաստանը լքելու մասին՚: Իսկ Հանրային անվտանգության ինստիտուտի տնօրեն Տիգրան Շադունցն իր ամփոփիչ խոսքում հավելեց, որ կառույցը փակ չի գործելու, այլ փորձելու է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Նշենք, որ ինստիտուտի ստեղծման և գործունեության նպատակն է համախմբել Հայաստանի փորձագիտական ոլորտի որակավորված ներկայացուցիչների ջանքերը Հայաստանի Հանրապետությունում և դրա տարածքից դուրս ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները համակողմանիորեն վերլուծելու համար: