Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերի շրջանակում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել «Աշխարհը էջերում» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Ռուսաստանի ազգային գրադարանի ձեռագրերի բաժնում բացված ցուցահանդեսին ներկայացվել են հայերեն լեզվով ձեռագիր գրքեր եւ փաստաթղթեր, որոնք գրադարանում են պահվում 1805թ.-ից:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով ցուցանմուշները՝ պատասխանատուները նշել են, որ 13-19-րդ դարերի փաստաթղթերը Էջմիածնի, Կիլիկյան կաթողիկոսությունների եւ Երուսաղեմի պատրիարքության հավաքածուներից են: Նաեւ նշվել է, որ Ռուսաստանի Դաշնության պետական արխիվներում այսօր պահպանվում են շուրջ 2000 հայկական ձեռագրեր:

























