«Քարահունջի» տարածքում հայտնաբերված գերեզմանաբլուրն, անկասկած, բարձր սոցիալական կարգավիճակի տեր անձնավորության է պատկանում։ Այս մասին սեպտեմբերի 7-ին ասել է «Զորաց քարեր» հնագիտական արշավախմբի ղեկավար, Մշակույթի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:
Նրա խոսքով՝ գերեզմանաբլուրը կարեւոր տեղեկություններ է հայտնում մ.թ.ա. 18-13-րդ դարերի մասին։ «Պեղումներն այստեղ սկսվել են 2014–ից։ Դրանց ցույց են տալիս, որ դա հետաքրքիր կառույց է՝ ստորգետնյա ճանապարհով»,– ասաց հնագետը։ Նրա խոսքով՝ պեղումների ժամանակ գտած նյութերի հիման վրա կարելի է ասել, որ այստեղ 4 տարբեր փուլերով իրականացվել են հուղարկավորություններ։ «Այստեղ հուղարկավորություններ են իրականացրել նաեւ մ.թ.ա. 15-14 եւ 11-9 դարերում։ Ցավոք, գերեզմանաբլուրն այն ժամանակ կողոպտել էին»,– ասաց հնագետը։
Նրա խոսքով՝ Սյունիքի այդ մասում մշակութային կապեր են եղել Իրանի հյուսիսարեւմտյան շրջանների հետ, որի մասին են վկայում բաց դարչնագույն նյութի մասնիկիները։ «Նման նյութեր են հայտնաբերվել հենց Իրանի այդ հատվածում»,– պարզաբանեց Աշոտ Փիլիպոսյանը։
Նա նշեց, որ գերեզմանաբլրում հայտնաբերվել է նաեւ 4 մարդկային գանգ, եւ հետագա հետազոտությունները միայն կպարզեն դրանց տարիքն ու սեռը։ «Եվս մեկ հետաքրքիր փաստ. գերեզմանաբլուրը թալանելուց հետո, երբ այն այլեւս չէր գործածվում, հավանաբար 12 կամ 13-րդ դարերում՝ սելջուկյան կամ մոնղոլների արշավանքների ժամանակ, այն շրջակա բնակիչների համար որպես թաքստոց է ծառայել»,– ընդգծեց Աշոտ Փիլիպոսյանը։
Հուշարձանի մնացած հատվածների պեղումները կշարունակվեն այս տարվա հոկտեմբերին։





























