Բյուրականի անտառներում օրերս բռնկված հրդեհի հետեւանքով, նախնական տվյալներով, ամենաշատը տուժել են մասրենիներն ու ալոճի թփերը:
NEWS.am-ի հետ զրույցում Բյուրականի բնակիչները պատմեցին, որ մասուրն ու ալոճն իրենց համար եկամտի աղբյուր էր:
«Սեզոնին մասուր, ալոճ էինք անտառից հավաքում, վաճառում, իսկ հիմա չգիտենք՝ ոնց ենք անելու, ինչ ենք անելու, ամբողջ գյուղը դարդ է անում, մարդիկ մղկտում են»,- ասաց բնակիչներից մեկը:
Թե ինչքանով է տարածքի կենսաբազմազանությունը տուժել խոշոր հրդեհի հետեւանքով, դեռեւս հաշվարկվում է: Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայության՝ անտառային կենսաբազմազանությանը պատճառված վնասի հստակ չափը հնարավոր կլինի գնահատել վեգետացիոն շրջանում, սակայն, հայտնի է, որ այրվել են հիմնականում բնաշիվային աճի կաղնիներ, դրանց ուղեկցող այլ ծառատեսակներ՝ թխկիներ, հացենիներ։ Նախնական տվյալներով՝ անտառային կենսաբազմազանությանը հասցված վնասի չափը մեծ չէ։
«Մենք անտառում եղել ենք, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել ենք ու տեսել, որ ծառատեսակները հիմնականում չեն տուժել, ավելի շատ մասրենիները, ալոճի թփերը: Մենք էլ չենք իմանում՝ գարնանը նորից կտնկեն դրանցից, թե չէ»,- նշեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել սեպտեմբերի 3-ին, այն հաջողվել է մեկուսացնել միայն սեպտեմբերի 7-ին երեկոյան: Ներկայումս իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: Հրդեհի պատճառը պարզելու համար գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում: Բյուրականցիները չեն հավատում, որ կարող է դիտավորություն լինել, որովհետեւ տարածքի վրա, իրենց տեղեկություններով, ոչ ոք «աչք չուներ»:




























