Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի առավոտյան բանկոմատից խոշոր չափի հափշտակության դեպքի հետ կապված իրավապահները զննում են բանկոմատի կոշտ սկավառակը:
Այս առնչությամբ, ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2017թ.-ի սեպտեմբերի 9-ին` ժամը 06:00-ի սահմաններում, պայթյունի եղանակով բացել եւ Հանրապետության 71 հասցեում տեղադրված բանկոմատից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ վերցվել է բանկոմատի կոշտ սկավառակը:
Նշանակվել են դատահամակարգչատեխնիկական եւ դատապայթունատեխնիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՔԿ-ից հայտնել էին, որ ներկայումս հստակեցվում է, թե որքան գումար է եղել բանկոմատում եւ որքանն է հափշտակվել, քանի որ որոշ թղթադրամներ հայտնաբերվել են գետնին թափված, նրանց մի մասն էլ վնասված վիճակում. «Նախնական տվյալով, խոշոր թղթադրամները հափշտակվել են, իսկ 1000 եւ 5000 դրամանոցները՝ ոչ»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:




























