ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արարատի մարզի 80-ամյա բնակչի սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 80-ամյա բնակչի դին հայտնաբերվել էր 2017 թվականի սեպտեմբերի 6-ին` իր տան բակում՝ բռնության հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 80-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։ Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ սպանության հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:  Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 80-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել համագյուղացի մի երիտասարդ՝ ծնված 1988թ., ում հայրն սպանվել է 23 տարի առաջ՝ տուժողի կողմից: 

Նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 29-ամյա բնակիչը մասնակցել է մահացած ազգականներից մեկի մահվան 40-րդ օրվան նվիրված արարողությանը, որի ընթացքում ալկոհոլային խմիչք են օգտագործել: Այնուհետեւ այցելել է հոր գերեզմանին, որից հետո՝ ժամը 22:00-ի սահմաններում, գնացել է տուժողի տան մոտ: Բակում հանդիպելով 80-ամյա տղամարդու հետ՝ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ վերջինիս պատճառվել են մարմնական վնասվածքներ՝ բակում գտնվող բահով եւ եղանով։ Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է։ 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը սեպտեմբերի 8-ին որոշում է կայացրել` Ոսկետափ գյուղի 29-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։  Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել` երիտասարդին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող երիտասարդն այսօր հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գյուղի բնակիչ 80-ամյա Սարգիս Թադեւոսյանին դուստրերը հայտնաբերել էին սեփական տանը սպանված վիճակում: ՔԿ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ տեղի ունեցածը վենդետա է եղել: Նա որոշել է վրեժխնդիր լինել հոր սպանության համար:

Սարգիս Թադեւոսյանի հարազատները զանգահարել էին NEWS.am-ի խմբագրություն եւ տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ հայտնել: Նրանք վրդովված են, որ սպանության գործով միայն մեղադրյալ է ներգրավվել 27-ամյա երիտասարդը, մինչդեռ սպանության օրը դուստրերը տեսել են, որ բակից փախել է չորս հոգի:

Նախ հարազատներն ասացին, որ վենդետայի պատճառ հանդիսացած սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականին, որի համար դատապարտվել են հինգ հոգի, որից մեկն էլ եղել է Սարգիս Թադեւոսյանը: Վերջինս տասը տարի անցկացրել է անազատության մեջ: Ըստ հարազատների՝ նրա վրա հարձակվել է չորս հոգի եւ մինչ սպանությունը նախ դաժանաբար խոշտանգել են, գյուղատնտեսական գործիքներով ծեծել են:  «Էդ սպանությունից անցել է 23 տարի, առիթից օգտվել են, որ տանը մենակ է, մտել են ու ոխը հանել են, մի հոգի չի եղել, եղել են 4 հոգի: Ներկայանում են՝ էս ինչ մարդու տղաներն են ու սկսում են հայհոյել, հարեւանները ձայները լսել են, բայց վախեցել են միջամտել, զանգահարել են աղջիկներին, իրանք նույն գյուղում են ապրում: Գալիս են սկսում են հորը փնտրել, մեկ էլ հայտնաբերում են հավաբնի մոտ, տեսնում են արյան մեջ կորած: Մինչեւ նրանք պապի-պապի են գոռացել, չորսն էլ փախնում են նստում մեքենա ու գնում: Եղանով, փոցխով, լոմով էնքան են ծեծել, ջարդել, աչքերը հանած, ականջը կտրած... էդ գոռոցների ժամանակ էն արագությամբ են փախնում, որ դեմքերը չեն ֆիքսում, բայց չորս հոգի են եղել, ինչի՞ են մեկ հոգու անուն նշել»:

Ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ փորձել են դին սավանով փաթաթել ու տնից տանել:

«Մի հոգի կարո՞ղ է մարդուն դաժանաբար սպանել՝ գործի դնելով չորս գործիք: Էն էլ էդ տղեն, ամբողջ գյուղը նրան ճանաչում ա, դա խեղճ տղա ա, ինքը չէր կարող նման բան անել, էդ գործում բարեկամներն էլ կան, մենք պայթում ենք զայրույթից, ամբողջ ազգ ու տակով եկել են դաժանաբար սպանել էդ մեծ մարդուն, բայց հիմա մենակ Վարազդատին են ման գալիս, որ իբր իր վրեժն է լուծել: Վարազդատը միայնակ ընդունակ չէր նման բանի: Բայց Սարգիսը իր արած ու չարած մեղքերի համար տասը տարի նստել է, սպանությունն էլ 23 տարի առաջ է եղել, իրանց պետք էր Սաքոյին վերացնել»:

Հարազատները պահանջում են, որ քննչական մարմինները մեղադրյալների շրջանակը ընդլայնեն: