Լոռիում թալանել են ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանին:

Կատարված գողությունը դերասանը հայտնաբերել է սեպտեմբերի 11-ին Փամբակում գտնվող իր տուն այցելելուց հետո:

«Իմ ավտոտնակից մեքենայիս անիվները, գազի բալոնը, ռեդուկտորը, ինչ հարմար են գտել, ավերել են, հանել մեքենայի վրայից  ու տարել են: Նաեւ գործիքներ ունեի բավականին թանկարժեք, դրանք էլ են տարել: Ջղայնացած թողել հետ եմ եկել Վանաձոր, նույնիսկ չգիտեմ, թե  էլ ինչ են տարել: Հիմա մենք գյուղում չենք մնում, մեքենաս էլ չի աշխատում, դրա համար հաճախ չեմ գնում, չգիտեմ էլ, թե երբ է եղել գողությունը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց դերասանը:

Ժողովրդական արտիստը վրդովված է. վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում իրեն արդեն 3-րդ անգամ են թալանում: Մինչ այս դեպքը նախորդ տարի երկու ամսվա ընթացքում թալանել են դերասանի բնակարանը:

«Ես շատ վրդովված եմ, որովհետեւ մեկ տարի առաջ էլ Բազումի տունս երկու անգամ թալանեցին»,- նշեց նա:

Առաջին անգամ բնակարանից գողացել են ինչպես գույք, այնպես էլ տարբեր գերատեսչությունների կողմից ստացած թվով 7 ոսկի մեդալները: Երկու ամիս անց էլ ապամոնտաժել ու տարել են ջեռուցման կաթսան: Գողություններից եւ ոչ մեկը, սակայն, մինչ օրս չի բացահայտվել:

Այս անգամ դերասանը վճռական է տրամադրված: Հետեւողական աշխատանք տանելու խնդրանքով դիմելու է  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության  պետին, ապա անհրաժեշտության դեպքում նաեւ ՀՀ ոստիկանապետին:

«Երեք անգամ իմ նկատմամբ նման անպատիվ վերաբերմունքը ես չեմ հանդուրժի ու իրենք էլ պետք է անհանգիստ լինեն, որ գտնեն»,- ասում է նա: