Երեւանի ավագանու այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում վիճաբանություն է տեղի ունեցել «Երկիր Ծիրանի» եւ «ելք» խմբակցությունների անդամների միջեւ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից 9-ը վերաբերում էր տարբեր հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն։ Դրանցից մեկը պետք է տրամադրվեր ՀԷՑ-ին՝ էլեկտրակայան կառուցելու համար, ինչին դեմ էր արտահայտվում «Երկիր Ծիրանի» խմբակցությունը։
«Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ այդ հողատարածքները պետք է տրամադրվեն անապահով ընտանիքներին, իսկ քաղաքապետարանը այն հանձնում է ՀԷՑ կառուցելու համար. «Սոսկալի արտագաղթի պայմաններում դուք ինչ նոր ՀԷՑ-էր եք կառուցում, հասկանալի է, որ դրանք կառուցում եք նոր դղյակների համար: Դա թույլ չենք տալու: Կառուցվելու են նոր դղյակներ այդ տարածքներում»,-հայտարարեց Մարիետա Խաչատրյանը:
Ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Ինձ թվում է բավարար է, որովհետեւ այսքան մարդ նստած պարապ չեն: Եթե օրակարգի հետ կապված հարցեր են լինում, համապատասխան վարչություններին դիմեք: Որ հարցերը հասկանալի չի լինի, խնդրեմ, ավագանիում բարձրացրեք: Բայց դուք չգիտեք, որ հողը տարբեր կատեգորիաների է լինում: Հիմա զրոյից պետք է ձեզ բացատրենք: Հարգելիս, ենթակայան ենք կառուցում, որ մարդիկ մոմի լույսի տակ չմնան: «Ես ցավում եմ ձեզ համար, դուք տեղյակ չեք ոչնչից, չեք ուսումնասիրել հարցը, չեք հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Ձեր ասածը կապ չունի այս նախագծի հետ»:
Այս հարցերին «Ելք» խմբակցության կողմ քվեարկությունները դուր չեկան «Երկիր Ծիրանիի» անդամներին եւ նրանք սկսեցին ռեպլիկներ անել «Ելք» խմբակցության հասցեին, ինչը կրկին վեճի պատճառ դարձավ։
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց. «Ես խնդրում եմ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին որեւէ դիտարկում անելիս մտածել, թե արդյոք դա կարո՞ղ է անդրադառնալ «Ելք» խմբակցությանը: Մեր պատասխանը լինելու է համարժեք»:
Իսկ «Ելք»-ից Անահիտ Բախշյանն էլ հավելեց. «Դավիթն ուզում է ասել. «Будем бить сильно, но аккуратно»:
Բուռն քննարկման ժամանակ կոտրվեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների դիմաց դրված բաժակները։




























