Ամեն սերունդ պետք է կռիվ ունենա անցյալի հետ, որպեսզի ապագա ունենա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հրապարակախոս Կարինե Խոդիկյանը՝ անդրադառնալով Թումանյանի տուն – թանգարանում բոլշեւիկյան բռնաճնշումների մասին «Խավարում» խորագրով ցուցահանդեսի փակման փաստին:
Նրա խոսքով, ցուցահանդեսի փակումը մշակույթի նախարարության կողմից սխալ է, որն անհապաղ պետք է շտկվի. «Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տնօրեն Նարինե Թուխիկյանից պահանջում եմ ներկայացնել Թումանյանի կյանքի մասին բոլոր հարցերը, պատմությունները: Որպես թանգարանի տնօրեն նա իր գործն է արել, եւ զարմանալի կլիներ, որ իմանար ու չասեր: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է կատարվել այդ տարիերին: Ինչո՞ւ արտաքսեցին իմ պապին»:
Ասուլիսին ներկա կոմունիստ Գեղամ Գալստյանն ի պատասխան ասաց. «Ես գիտեմ, ինչու են տարել ձեր պապին: Նա ուներ երկու կով, կոլխոզը վերցրել է, ինքն էլ երեւի վառել է դեզը»:
«Դուք միանգամից դատավճիռ եք կարդում»,-արձագանքեց Խոդիկյանը:
Գեղամ Գալստյանը կարծում է, որ բոլշեւիկյան բռնաճնշումներն այն հարցը չէ, որի մասին արժե անընդհատ խոսել, անիմաստ է անցյալի փոշին թափ տալ. «Անցյալին չի կարելի նայել էդպիսի վրեժխնդրությամբ։ Եթե անցյալի վրա կրակում ես հրացանով, ապագան քեզ թնդանոթով է պատասխան տալիս, չի կարելի այդպես վերաբերվել հարցին»:
Նշենք, որ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը, սակայն, մշակույթի նախարարության հրահանգով ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել է, իսկ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար: «Զրպարտության հետեւանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների եւ, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) եւ խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաեւ արվամոլների պրոպագանդիստն ես։ «Սորոս»-ից գումարներ ես ստանում: Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը»,- հայտարարել է Թուխիկյանը՝ հավելելով, որ այդ ամենից հետո իր գործատուն՝ մշակույթի նախարարությունը, հասել է ցուցադրությունը փակելուն:
Այս առնչությամբ, Մշակույթի նախարարությունից հայտնել են, որ ցուցադրությունը փակվել է, որովհետեւ այն «քաղաքականացված էր»: Իսկ անձամբ նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ, իսկ Թումանյանի թանգարանի կազմակերպած ցուցադրանքի բացօթյա ձեւաչափը համաձայնեցված չի եղել իրենց հետ:



























