Փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից: Նման բովանդակությամբ նակամ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմյական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը՝ անդրադառնալով Արդվիում Շեկաղբյուրի ոսկու հանքերեւակման որոնողական աշխատանքներին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոն Կարապետյան,
լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին։ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրից Դուք հույս ներշնչեցիք իմ եւ ինձ նման շատ քաղաքացիների եւ մշակութային գործիչների մոտ։ Ձեր նշանակումով հույս առաջացավ, որ վերջապես մեր երկրի համար առաջնային կդառնան հայ մշակույթն ու մշակութային արժեքները:
Սակայն դեռ ամեն ինչ շարունակվում է նույն ոգով, ինչ եղել է Ձեզանից առաջ։ Մեզ` բոլորիս, ոգեւորում է ձեր ծրագիրը` Հայաստանը տուրիստական երկիր դարձնելը: Սակայն այսօր վտանգված է Հայաստանի մի շատ գեղեցիկ ու գողտրիկ վայրի լինել-չլինելը։
Ոմն «ՄԻՌԱՄ» ընկերության թեթեւ ձեռքով վտանգի տակ է կանգնած Լոռու մարզի Արդվի համայնքը իր պատմամշակութային արժեքներով։ Այս համայնքը մեծ հավակնություն ունի` դառնալու տուրիստական կենտրոն Լոռու մարզում։ Այստեղ են գտնվում 105 անուն պատմամշակութային կոթողներ, որոնցից են` 7-13 րդ դարի գերեզմաններ, 10-12 րդ դարի խաչքարեր, վաղ միջնադարի եկեղեցի, դամբարանադաշտ` Ք.Ա 1-2 հազարամյակի, Սուրբ Օձնեցի վանքը 8 րդ դարի կառույց, Սուրբ Օձի պորտ եւ այլ պատմամշակութային արժեքներ ու կոթողներ։ Այս գյուղում են նկարահանվել հայերին եւ գրեթե ողջ աշխարհին հայտնի մի շարք ֆիլմեր` «Մենք ենք մեր սարերը», մեծն Փարաջանովի «Նռան գույնը», «Այս կարմիր կանաչ աշխարհը» եւ այլն։ Սակայն այսօր ոմանց քմահաճույքի եւ ոսկու տենդի պատճառով վերացվում է բնության ու մարդկության այս հրաշք վայրը։ Դիմում եմ Ձեզ, որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մշակույթի նվիրյալ եւ որպես հայ քրիստոնյա` փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմյական թատրոնի դերասանուհի; մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Անահիտ Մութաֆյան»:
Բացի այդ, Անահիտ Մութաֆյանը Facebook-ի իր էջում գրել է. «Գնալով փաստերը ավելի են խորանում։ Հուլիսի 25 Լոռու մարզ Արդվի համայք: Հանրային լսումներին մասնակցում էր նաև Վահրամ Բաղդասարյանի եղբոր ղեկավարած հիմնարկի ծառայողական մեքենան»:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, հիշյալ ընկերությունն առնչություն ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Վերջինս սակայն հրապարակավ հերքել է նման կապը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արդվիի գյուղացիները բնապահպանների հետ լցրել էին շինարարների փորած փոսերը, որից հետո Բնապահպանության նախարարության տեսուչները եկել էին արձագարելու եւ պարզելու, թե ով է կանգնած դրա թիկունքում: Գյուղացիներն էլ նշել էին, որ իրենք դեմ են այդ տարածքում հանքի շահագործմանը եւ իրենց նախաձեռնությամբ են լցրել փոսերը:




























