Ադրբեջանի իշխանությունները զարմանալի արագությամբ մտափոխվել են եւ հայտարարեցլ են, որ «Թուրան» գործակալության խմբագիր Մեհման Ալիեւն անմեղ է:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի հարկերի նախարարության Բաքվի քաղաքային եկամուտների դեպարտամենտը չեղարկել է 2014-2016 թթ. «Թուրան» գործակալության լրացուցիչ հարկային տուրքերի վճարումը, ինչպես նաեւ 37 հազար մանաթի (22 հազար դոլար) չափով պատժամիջոցները: «Թուրան»–ի փոխանցմամբ՝ դեպարտամենտն այսպիսի որոշում է կայացրել աշխատանքային ստուգումների հիման վրա, որի մասին գործակալությանը հայտնել է պաշտոնական նամակով։
Գործակալությունում նշել են, որ հենց 2014-2016 թթ. լրացուցիչ հարկերի ավելացման մասին օգոստոսի 7–ի որոշումն է պատճառ հանդիսացել նույն օրը հարկային հանցագործությունների նախաքննության բաժնի կողմից գործակալության դեմ դատական գործ է հարուցվելու համար ։
Օգոստոսի 16–ին գործակալության գրասենյակում խուզարկություն են կատարել, առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր եւ էլեկտրոնային ինֆորմացիայի կրիչներ, որոնք տեղեկություն էին պարունակում գործակալության ֆինանսական գործունեության մասին, որից հետո կալանավորել են գործակալության տնօրեն Մեհման Ալիեւին։ Այսպիսով՝ 2014–2016 թթ. լրացուցիչ հարկերի չեղարկամն որոշումից հետո, «Թուրան»–ի դեմ հարուցված գործը կորցրեց իր իրավական ուժը։
Հիշեցնենք, որ Մեհման Ալիեւի ձերբակալությունը առաջ էր բերել միջազգային կազմակերպությունների քննադատությունը։




























