Արցախյան պատերազմում զոհված Սուրեն Հովհաննիսյանի ընտանիքն արդեն 25 տարի՝ բնակվում է անմարդկային պայմաններում: Պաշտպանության նախարարությունը 2015թ. ընտանիքին հայտնել էր՝ 2017թ. օգոստոսին բնակարան կստանաք, սակայն հիմա նորից ժամկետ են «փոխում»:

«2010թ.-ին հերթագրվել ենք բնակարան ստանալու համար, ամեն տարի մի քանի անգամ գնում ենք Պաշտպանության նախարարություն, մեզ ասում են՝ սպասեք, հա սպասեք, երկու տարի առաջ էլ ասացին, որ 2017թ. օգոստոսին ձեր բնակարանը կստանաք: Բայց էս տարի նորից են կանչել, հորդորել նորից սպասել եւ այնպիսի փաստաթղթեր են պահանջել, որ նույնիսկ մարզպետարանից են ասում՝ գտնելն ուղղակի անհնար է»,- NEWS.am-ին պատմում է զոհված ազատամարտիկի դուստրը՝ Լիանա Հովհաննիսյանը:


Ընտանիքն ապրում է Էջմիածնում 12 քառակուսի մետր տարածքում: Այն տուն անվանելը դժվար է. մեկ սենյակի դուռը նույնիսկ նորմալ չի փակվում: Լիանա Հովհաննիսյանը, իր երկու անչափահաս երեխաներն ու տարեց մայրը զրկված են նաեւ սանհանգույցից եւ զուգարանից:
«Ոչ ջուր ունենք, ոչ գազ, սենյակն առանց պատուհանի է, պատերը՝ խոնավ, տանիքը շուտով փուլ կգա... զուգարան էլ գնում ենք մոտակա կիսաքանդ շինությունը, ուրիշ տարբերակ չունենք... իսկ մեզնից հետո բնակարանի համար հերթագրված մարդիկ արդեն տուն են ստացել, մենք էլ էս պայմաններում ենք մնացել»,- պատմում է Լիանան:


Նշենք, որ Լիանա Հովհաննիսյանի մայրը՝ որպես զոհված ազատամարտիկի այրի, ամսական 10 հազար դրամ թոշակ է ստանում, այն էլ ամեն ամիս Էջմիածնից Երեւան է հասնում գումարը վերցնելու համար: Լիանան էլ աշխատել չի կարողանում, քանի որ երեխաները փոքր են, առողջական խնդիրներ ունեցող մայրը նույնպես խնամքի կարիք ունի:
«Մենք ընդամենը մեզ հասանելիք բնակարանն ենք ուզում, որ դուրս գանք էս սենյակից, որը նույնիսկ մեզ չի պատկանում, հորեղբորս է, ժամանակավոր մեզ է տվել, մինչեւ բնակարանը կստանանք»,- վերջում հավելում է երիտասարդ կինը:






























