Զինվորական հաշմանդամություն ունեցող 37-ամյա Հունան Կարապետյանն կնոջ եւ երկու երեխաների հետ սոցիալական ծանր պայմաններում է հայտնվել:
Կարապետյանների ընտանիքը բանկվում է Հրազդան քաղաքում: Հունանը 1998թ.-ին Արցախում զինվորական ծառայության ընթացքում ականի պայթյունից կորցրել է ձախ ոտքը: 37-ամյա երիտասարդը միշտ աշխատել է՝ կատարելով ցանկացած գործ եւ կարողացել պահել ընտանիքին: Այս տարվա փետրվարին Հունանի մոտ հայտնաբերվել է աջ ոտքի տրոմբ, և բժիշկները նրան արգելում են ֆիզիկական աշխատանք կատարել:
«Ես միշտ աշխատել եմ մի ոտքով ու ինձ օգնելու հարցով անգամ իմ բարեկամներին չեմ դիմել: Պաշտպանության նախարարության օգնությամբ 2006թ.-ին տուն գնեցինք, հետո էլ Կարմիր խաչն անտոկոս վարկ տրամադրեց 20 տարի ժամկետով՝ տունը վերանորոգելու համար: Տունս վերանորոգեցինք 2016թ.-ին եւ արդեն հուլիսից ես պիտի սկսեի վարկը մարել՝ ամսական 15 հազար դրամ: Բայց հենց նույն ժամանակահատվածում առողջական խնդիրներ առաջացան: Հիվանդանոցներ, դեղեր, երեխաների դպրոց, տան հոգսեր ու կուտակվեցին պարտքերը: Արդեն 3 ամիս վարկը մարել չեմ կարողանում: Պատկերացրեք՝ էն վիճակի եմ հասել, որ անգամ սնունդն եմ պարտքով վերցնում»,- պատմում է Հունան Կարապետյանը:
Հունանը հայտնեց, որ պայմանագրով սահմանված է՝ եթե երեք ամիս վարկը չի մարում, ստիպված է տոկոս էլ վճարել. «Եթե դա էլ չանեմ, կզրկվեմ տնից: Ես մենակ խնդրում եմ, որ էս նեղ պահին ինձ օգնեն, ցանկացած աշխատանքի պատրաստ եմ, եթե մեկ ոտքիցս կախված չլինի, երկու ձեռքով պատրաստ եմ աշխատել, բժիշկներն ասել են, որ կանգնած աշխատանքը կվտանգի կյանքս, էլ ոչ մի հնար չունեմ»:
Նշենք, որ Հունանն անչափահաս երեխաներ ունի, այս ուսումնական տարում նույնիսկ դպրոցի համար անհրաժեշտ պարագաները չեն կարողացել գնել:
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 093393949:
.jpg)




























