Բեմադրությունը նոր փուլ է մտել։ Այսպես է արձագանքել Վրաստանի պատրիարքարանի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեորգի Անդրիաձեն՝ ի պատասխան Վրաստանի պատրիարքի  անձնական թիկնազորի նախկին ղեկավար Սոսո Օհանաշվիլու մեղադրանքին, թե մեկ տարվա ընթացքում պատրիարքի տանը  թաքնվել են ահաբեկչության մեջ մեղադրվող մարդիկ։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Նրա խոսքով՝ Օհանաշվիլիի հայտարարությունը եւ «Ռուսթավի 2»-ի ռեպորտաժը այսպես կոչված ցիանիդի գործի շարունակությունն  են  եւ նպատակ ունեն վարկաբեկել Եկեղեցուն։

Նա նշել է, որ Օհանաշվիլիի նշած մարդիկ օրինական ճանապարհով են մտել Վրաստան եւ խնդիրներ են ունեցել միայն այն ժամանակ, երբ «Թուրքիայում սկսել են հետապնդել ժողովրդավարական խմբերին»։  Անդրիաձեի խոսքով՝  ինքը  ղեկավարում է «լազական նախագիծը», որի շրջանակում պատրիարքի տուն պարբերաբար լազեր են եկել, բայց միեւնույն ժամանակ նրա հավաստմամբ՝ պատրիարքի քարտուղար Շորեն Թեթրուաշվիլին կապ չի ունեցել «լազական նախագծի» հետ։

«Նրանք իսլամիստներ չեն եւ օրինական ճանապարհով են մուտք գործել Վրաստան։ Անհեթեթություն է նրանց ահաբեկիչ անվանելը։ Ես 8 անդամից բաղկացած թուրք-վրացական հանձնաժողովի անդամ եմ, Թուրք-վրացական եղբայրություն ասոցիացիայի հիմնադիրը։  Ես անձնապես ծանոթ եմ Թուրքիայի բոլոր դեսպանների հետ, այնպես որ հնչած բոլոր մեղադրանքներն անհիմն են։ Մեզ մոտ են գալիս լազեր, թուրքական պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, աթեիստներ, իսլամիստներ։ Մեր «լազական նախագիծը» սկսվել է 15 տարի առաջ։ Այդ մարդիկ չեն եկել այստեղ անտառներով կամ ծովով։ Նրանք խնդիրներ են ունեցել միայն այն ժամանակ, երբ Թուրքիայում սկսել են հետապնդել ժողովրդավարական խմբերին։ Նրանք իսլամիստներ չէին, այլ ժողովրդական մտածելակերպ ունեցող մարդիկ։ Նրանց ձերբակալելուց հետո կայացավ դատական գործընթաց, եւ նրանցից մեկին բաց թողեցին։ Նա մինչ այժմ էլ ապրում է Թուրքիայում, իսկ ահաբեկիչներին բանտից բաց չեն թողնում»,-ասել է Անդրիաձեն։