Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին աշխատում է ԿՀՎ «լրջագույն նախագծի» համար, որով նպատակ է դրվել տապալել 2018–ին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն։
«Շատերն են ցանկանում Ռուսաստանից խլել ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման պատիվը և ազդեցություն ունենալ ՌԴ նախագահական ընտրությունների վրա։ Այդ ուժերը պետք է այնպես անեն, որ Ուկրաինայում, Մոլդովայում, հնարավոր է՝ անգամ Վրաստանում Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ ծագեն։ Սաակաշվիլին այդպիսի ծրագրի իրագործման համար հրաշալի թեկնածու է»,-ասել է Բուրջանաձեն։ Նա ավելացրել է, որ չի կարող հստակ ասել՝ ինչ է անելու Սաակաշվիլին։ «Եթե Ուկրաինայում սրվի իրավիճակը, սկսվեն ապակայունացնող գործընթացներ, ապա այն կանդրադառնա Ռուսաստանի վրա, որն էլ ստիպված կլինի պատասխան գործողություններ ձեռնարկել՝ դիվանագիտական, որոշ քաղաքական քայլեր իրականացնել։ Ցանկացած պարագայում, այն ինչ կատարվում է Ուկրաինայում, ազդում է Ռուսաստանի վրա»,-ասել է քաղաքական գործիչը։




























