«Ելք» դաշինքը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը Հայաստանի մասով կասեցնելու գործընթացի մեկնարկի հայտարարության նախագիծը ԱԺ քննարկմանը կներկայացնի առաջիկա լիագումար նիստի ժամանակ՝ հոկտեմբերի 3-6–ը։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է «Ելք» խմբակցության ղեկավար Գեւորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով՝ «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքի համաձայն՝ լիագումար նիստում քննարկվում են հանձնաժողովների նիստերում դրական եզրակացություն ստացած եւ արտահերթ կամ շտապ ճանաչված օրինագծերը։ «Ելք» դաշինքը այդ գործընթացը շտապ է ճանաչել եւ համապատասխան հայտարարությունն արդեն ներկայացվել է խորհրդարանի անձնակազմին, որպեսզի հարցը դրվի օրակարգում»,– ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ այլ տարբերակ հնարավոր է միայն օրենքի խախտման դեպքում։ «Մենք նպատակահարմար ենք համարում «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը Հայաստանի մասով կասեցնելու գործընթացի մեկնարկի նախագծի քննարկումը հետաձգել 2 ամսով՝ դրանով ՀՀԿ–ին հնարավորություն տալով որեւէ կերպ ապացուցել, որ ԵՏՄ–ն մեզ ինչ–որ օգուտ է տվել։ Նախքան այդ պրոֆեսիոնալ մակարդակով համապարփակ փաստաթուղթ չի եղել, որը ցույց կտար, թե ինչ օգուտ կամ վնաս է տվել ԵՏՄ–ին անդամակցելը»,– ամփոփեց Գորգիսյանը։




























