Այս տարի պատվիրել ենք Ասկերանի բերդի՝ ճանապարհի ձախ հատվածի նախագիծը, որն ավարտման փուլում է: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած 6-րդ գումարման ԱՀ Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանի ժամանակ, ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ նշելով, որ իրենք պարտավորված էին խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից «վերականգնածը» որոշ փոփոխությունների ենթարկել, քանի որ նրանց կատարած աշխատանքները ճիշտ չէին:

«Վստահ եմ, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ամրոցի այդ հատվածի նախագիծը կներկայացնենք հանրությանը: Համապատասխան ֆինանսական հնարավորությունների դեպքում մտադիր ենք վերականգնման աշխատանքները սկսել 2018 թվականի գարնանը: Ըստ նախագծի՝ այդ հատվածում կտեղադրվի նոր եւ արդիական փոքր թանգարանատիպ շինություն: Գարնանը նախատեսում ենք նաեւ տարածքի բարեկարգման աշխատանքների նախագիծ մշակել, որն էլ, կարծում եմ, կլուծի հանրության համար վտանգներով հղի տրանսպորտային միջոցների կանգառման խնդրը»,-ասել է Ս. Շահվերդյանը: Խորհրդարանի նիստին ներկա ԱՀ նախագահ Բ. Սահակյանն արձագանքելով հարցին նշել է, որ Ասկերանի բերդի վերականգնման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունները անփույթ են կատարել իրենց աշխատանքները:

«Սերգեյ Շահվերդյանը իմ կողմից այս կապակցությամբ նկատողություն է ստացել, քանի որ աշխատանքներն ընդհանուր առմամբ անորակ է կատարվել: Ես ուզում եմ, որ իրականացվող աշխատանքների հարցում մենք մեր տեսակետն արտահայտենք»,- ասել է հանրապետության նախագահը՝ հորդորելով ԱԺ պատգամավորներին, հասարակական կազմակերպություններին ու լրագրողներին ավելի ակտիվ ներգրավվել նման անթույլատրելի երեւույթների վերհանման աշխատանքներին: