«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ «Ժառանգություն» կուսակցությունում կատարվող գործընթացներում անմասն չէ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության Սահմանադրական կարգի պահպանության վարչությունը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունից երեկ վտարվել են ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, Մովսես Արիստակեսյանը եւ ԿԸՀ-ում ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը:

«Դա (Սահմանադրական կարգի պահպանության վարչությունը- NEWS.am) շատ լուրջ կառույց է եւ բավական լավ աշխատանք է տանում քաղաքական դաշտը վերահսկելու համար»,- նշեց Կարապետյանը եւ հավելեց. «Ես չգիտեմ՝ ինչ կլինի „Ժառանգության“ հետ: Ես ցանկանում եմ, որ „Ժառանգությունը“ չտրոհվի, այլ առաջ գնա»: Արամ Կարապետյանը հայտնեց նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին իրեն սատարող նամակներ է հղել, եւ ինքն այսօր փորձելու է կապվել Հովհաննիսյանի հետ եւ հայտնել իր աջակցությունը:

ՆԺԿ առաջնորդը նաեւ անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու փաստին եւ նշեց. «Րաֆֆիի քայլը շատ մարտական, ճիշտ, տեղին քայլ էր: Եթե խորհրդարանը պիտի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, ուրեմն դա հայկական խորհրդարան չէ, եւ այնտեղ նորմալ մարդիկ գործ չունեն»: