«2008 թվականին հուլիսի 11-ին, երբ „Ժառանգության“ համագումարը տեղի է ունեցել, դեռ ՀԱԿ-ը չէր ձեւավորվել: Կոնգրեսը ձեւավորվել է օգոստոսի 1-ին: Ինչպե՞ս կարող էին Կոնգրեսից կուսակցության վարչության երկու անդամների` ինձ ու Մովսես Արիստակեսյանին, դրդել կեղծինքների կուսակցության համագումարում»,- այսօր նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Զոյա Թադեւոսյանը, մեկնաբանելով երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի այն տեսակետը, թե կուսակցության համագումարում կեղծիքներն իրականացվել են ՀԱԿ-ի դրդմամբ, եւ որ ՀԱԿ-ը այդ կեղծիքներ իրականացնողներին պաշտոններ է խոստացե:
«ՀԱԿ-ը մարտի 1-ից հետո քաղբանտարկյալների խնդիրներով զբաղվող, դեռ չստեղծված կառույց էր, բայց հուլիսին արդեն պաշտո՞ն է խոստանում ինձ կամ Մովսես Արիստակեսյանին: Այդ ի՞նչ լծակների էր տիրապետում ՀԱԿ-ը, որ կարող էր պաշտոններ բաժանել»,- ասաց Զ. Թադեւսոյանն ու հավելեց. "Եթե պաշտոն տալն ինձ էր վերաբերում, ես պաշտոն ունեի, ես ԿԸՀ անդամ եմ, եթե Մովսես Արիստակեսյանին էր վերաբերում, ապա նա երբեք պաշտոն ոչ մեկից չի ուզել: Նա միայն ասել է, որ «Դուք կեղծել եք համամասնական ցուցակը, կեղծել եք համագումարում ընտրությունները եւ պետք է պատասխան տաք դրա համար: Նրանք ապացուցեին, որ „Տեր եմ“-ին տեր չէին եւ փլուզեցին կուսակցությունը»:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ է կայացել, որտեղ կուսակցությունից հեռացրել են Վարդան Խաչատրյանին, Զոյա Թադեւոսյանին եւ Մովսես Արիստակեսյանին: Վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտգամավորական մանդատից հրաժարվելու դեպքում շուտով դառնալու էր ԱԺ պատգամավոր: Այսօր կուսակցության մի շարք ակտիվիտներ, այդ թվում Մովսես Արիստակեսյնն ու Զոյա Թադեւոսյանը հավաքվել էին կուսակցության գրասենյակի մոտ, սակայն գրասենյակի դուռը փակ էր:




























