Սույն թվականի հոկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությանը պետք է զրկել ձայնի իրավունքից, կոշտ սանկցիաներ կիրառել նրանց նկատմամբ:

«Կարծում եմ, որ միջազգային տարբեր հեղինակավոր պարբերականներ արդեն իսկ անդրադարձել են Ադրբեջանի՝ պայմանական անվանմամբ «Լվացքատան» գործունեությանը եւ բոլորն էլ համակարծիք են, որ դա հետագայում պետք է բացառել:

Սակայն, նաեւ այդ բացառման հիմքում պետք է դրվեն եւ՛ իրավական, եւ՛ քաղաքական գնահատականներ՝ անաչառ եւ ազնիվ: Բայց միայն գնահատական տալը բավարար չէ: Պետք են հստակ մեխանիզմներ, որոնց հիմքում պատասխանատվության ենթարկելն է, այլապես դա կդիտվի որպես «ջայլամի» քաղաքականություն, որն այս կառույցին սազական չէ:

Ո՞րն է ելքը:

Զրկել Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, կոշտ սանկցիաներ կիրառել նրանց նկատմամբ:

Ինչքա՞ն կարելի է անազնիվ եւ նենգ ճանապարհով փորձել խեղաթյուրել իրականությունը: Ավելին, տարբեր քաղաքական եւ հանրային գործիչներին գնելու համար Ադրբեջանի ղեկավարը նույնիսկ չի խորշում բանկային տարբեր դրամական փոխանցումներից՝  բացահայտ ու ցինիկ ձեւով փորձելով հասնել իր նենգ նպատակին:

Մի երկիր, որտեղ նավթի գները հենց իջան, նավթի փոխարեն միանգամից սկսեց կոռուպցիա արտահանել: Արդյոք նման երկրում կարող են դեմոկրատական ինստիտուտները զարգանալ: Կրկնում եմ, փուչիկը պայթել է»,-ասել է նա: