Առողջապահության ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանը մի քանի օր է լրատվամիջոցներում այս կամ այն պաշտոնի հավակնորդ է ներկայացվում: Նախ քաղաքապետի հավանական թեկնածու էր համարվում, ապա Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի:

Ինքը՝ Դումանյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հորդորել է չհավատալ այդ լուրերին. «Մի հավատացեք ըտենց բաների, ես էլ չգիտեմ, թե ինչի է իմ անունը շոշափվում»:

Հարցին, թե, ամեն դեպքում, այդ պաշտոններից մեկում հայտնվելու հավակնություններ ունի՞, նա պատասխանել է. «Բոլորովին, ես ինստիտուտ եմ ղեկավարում, որի կոլեկտիվը շատ լավն է, ես իրենց սիրում եմ, աշխատանքն ինձ դուր է գալիս եւ որեւէ հավակնություններ չունեմ»:

Մեր թղթակիցը հետաքրքրվել է նաեւ այն լուրերով, ըստ որոնց, բժշկական համալսարանից դասախոսների արտահոսք է սկսվել դեպի առողջապահության ինստիտուտ: Այս կապակցությամբ  Դումանյանը նշել է. «Չէ, այդպիսի բան չկա, ոչ մի արտահոսք, ուղղակի մարդիկ, որոնք կամ դուրս են մնում կամ կրճատվում, եթե բարձր որակավորում ունեցող կադրեր են եւ մեր ինստիտուտի կառավարման խորհուրդը գտնում է, որ մեզ անհրաժեշտ են, մենք անպայման,առաջարկում ենք մեզ մոտ աշխատել, սակայն բոլորը չէ, որ վազում են մեզ մոտ աշխատանքի»: