Միայն Սիրիայից Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 փախստականների` այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Ալֆանոյին եւ նրա թիմին այս համաժողովի կազմակերպման համար։
Քաջ հայտնի է, որ ԵԱՀԿ տարածքի եւ Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է, եւ վերջին զարգացումները կրկին անգամ ապացուցում են այս իրողությունը։ Միգրանտների եւ փախստականների աննախադեպ մեծ արտահոսքը Միջերկրածովյան տարածաշրջանից եւ Մերձավոր Արեւելքից, հատկապես Սիրիայից եւ Իրաքից, տարածաշրջանային սերտ համագործակցության անհրաժեշտություն են առաջացնում՝ ուղղված անվտանգության հետ կապված այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են, ի թիվս այլոց, ահաբեկչության դեմ պայքարը, թրաֆիքինգի կանխարգելումը, փախստականների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը եւ այլն։
Միայն Սիրիայից Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 փախստականների` այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա մի շարք խնդիրների առջեւ կանգնեցրեց մեր երկիրը, որը մոտ անցյալում արդեն իսկ հարյուր հազարավոր փախստականներ էր ընդունել Ադրբեջանից։ Սիրիահայ փախստականներից շատերը ժառանգներ են նրանց, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան էին գտել Սիրիայում: Հարյուր տարի անց նրանք կրկին ստիպված են թողնել իրենց բնակության վայրերը: Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական եւ ընդունել փախստականների:
Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու եւ նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: Փախստականներին տրամադրվում է լայն աջակցություն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կացության իրավունքի ստացման արագացված գործընթացը, քաղաքացիության ընդունման դյուրացումը, բուժօգնությունը, կեցության հասանելիությունը, կրթաթոշակները, պարզեցված ընդունելությունը կրթական հաստատություններում եւ մուտքը աշխատաշուկա, ճկուն հարկման մեխանիզմները եւ գրավիչ գործարար միջավայրը: Շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված որոշակի միջազգային աջակցության համար եւ ակնկալում ենք այս առումով շարունակական համագործակցություն:
Հայաստանը նաեւ փորձել է աջակցության ձեռք մեկնել Սիրիայում օգնության կարիք ունեցողներին՝ տրամադրելով շարունակական մարդասիրական օգնություն: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է, որը, չնայած բարդ պայմաններին, երբեւէ չի դադարեցրել իր գործունեությունը:
Անկասկած, միգրանտների եւ փախստականների մեծ հոսքերին համապարփակ արձագանքելու համար անհրաժեշտ է պայքարել այս երեւույթի սկզբնաղբյուրների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը եւ ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունները: Հայաստանը ԵԱՀԿ-ում առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց այս հարցը եւ հանդես եկավ այս առնչությամբ ԵԱՀԿ հանձնառություններն ամրապնդելու նախաձեռնությամբ: Ահաբեկչության վերաբերյալ Համբուրգի նախարարական հռչակագրում ամրագրված ԵԱՀԿ հանձնառություններից են անհատների եւ համայնքների, ներառյալ կրոնական հողի վրա իրականացվող, հալածանքների դատապարտումը, ահաբեկչական գործողությունների մասնակիցներին պատասխանատվության ենթարկելը, օտար վարձկանների, զենքերի եւ ահաբեկչական գործունեության հետ կապված ֆինանսների անդրսահմանային տեղաշարժի կանխարգելումը: Համոզված ենք, որ այս ուղղությամբ ԵԱՀԿ ջանքերը պետք է շարունակվեն»:




























