ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար գեներալ Պյոտր Պավելը Թուրքիայի իշխանությանը զգուշացրել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին ՌԴ–ի հետ գործարքի հնարավոր հետեւանքների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Defense News պարբերականին:
Նրա խոսքով, համակարգերի գնման նախատեսված գործընթացը բացառում է դաշինքի հակաօդային պաշտպանության միավորված համակարգին Անկարայի ինտեգրման հնարավորությունը:
«Ինքնավարության սկզբունքը ռազմական տեխնիկայի գնման ժամանակ, իհարկե, գործում է, բայց երկրներն ինքնավար են ինչպես իրենց որոշումներն ընդունելիս, այնպես էլ այդ որոշումների հետեւանքներին բախվելիս», - հայտարարել է Պավելը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի Թուրքիան Ս-400-ի գնման շուրջ:
Բացի այդ, Պավելը նշել է, որ նույնիսկ որպես առանձին սարքավորում՝ Ս-400 –ը, Թուրքիայում «դժվարություններ կհարուցի դաշնակիցների միջոցների համար, որոնք այդ երկրի տարածքում կարող են պոտենցիալ տեղակայված լինել»:
Նրա կարծիքով ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցների կողմից միանգամայն տրամաբանական է քննարկում անցկացնել՝ բարձրացնելով անհանգստություն առաջացնող» բոլոր հարցերը, մինչեւ Մոսկվայի հետ Անկարայի գործարքի վերջնական փուլի ավարտը:



























