Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական հիմար սադրանքն են նախաձեռնել: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վիժեցնելու իր ձգտման մեջ Բաքուն գնում է ամենածանրին՝ չխորշելով պարզ ստախոսությունից:

Նախօրեին մի շարք ադրբեջանական տեղեկատվական գործակալություններ հայտնեցին ղարաբաղյան հակամարտության շփման գծում Աղդամի ուղղությամբ փոխհրաձգության մասին: Ադրբեջանական աղբյուրների տվյալներով իբր հրաձգության ժամանակ սպանվել են հինգ հայ զինծառայողներ, մինչդեռ ադրբեջանական կողմից վիրավորվել է մի հոգի:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկատվությունը:

Եւ ահա այսօր ադրբեջանական կողմը որոշել էր իր ապատեղեկատվությունը լիցքավորել իբր փաստերով եւ հրապարակել «սպանված» հայ զինծառայողի լուսանկարը: Մասնավորապես դա արել է սադրիչ Vesti.az կայքէջը: Սակայն, ինչպես պարզվեց, լուսանկարում պատկերված է 2008թ. օգոստոսյան պատերազմի կադրերից մեկը՝ սպանված վրացի զինվոր: Դրանում կարելի է համոզվել՝ այցելելով ՌԴ Կոմկուսի պաշտոնական կայքի ֆոտոռեպորտաժի էջը: