Վրաց ղեկավարությանը թող սովորի Չավեսից, թե ինչպես պետք է ապրել ու կառուցել միջազգային հարաբերությունները։ Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը՝ «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանի ուղիղ եթերում մեկնաբանելով Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի այն հայտարարությունը, թե իր երկիրը կճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, որը մինչ այժմ ճանաչեն են միայն Ռուսաստանն ու Նիկարագուան…
«Չավեսը ծայրահեղական քաղաքական գործիչ չէ, այլ քաղաքական այնպիսի գործիչ է, որը հեղինակություն է վայելում իր երկրում։ Մենք գիտենք, թե ում անվանենք ծայրահեղական քաղաքական գործիչ, դա Վրաստանի նախագահն է, որը պատերազմում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի ու իր ժողովրդի հետ»,- հայտարարել է Բաղապշը։ Ըստ Աբխազիայի ղեկավարի, ցանկացած ճանաչում ձեռքբերում է երկրի համար. «դա այն է, ինչին մենք ձգտում ենք»։
«Մենք այդ աշխատանքը չենք թողնի ու առաջ կտանենք, այդ գործընթացը կզարգանա հարաճուն տեմպերով։ Մենք չենք արագացնում՝ հասկանալով, որ ճանաչման գործընթացը դյուրին չէ եւ երկարատեւ է»,- նշել է նա՝ հավելելով, որ Վենեսուելայից հետո նման քայլի կարող է գնալ Կուբան։
«Եթե մենք ուզենայինք, ապա ես կարող էի այնպես անել, որ շուրջ 10-15 երկրներ արդեն մեզ ճանաչեին։ Սակայն ես չեմ ուզում, որ մեզ ճանաչի ասենք՝ Պապուա-Նոր Գվինեան, Զիմբաբվեն, եւս ինչ-որ տարաշխարհիկ երկրներ։ Մեզ դա պարզապես հարկավոր չէ»,- եզրափակել է Աբխազիայի նախագահը՝ նշելով, որ երկիրը լուրջ բանակցություններ է վարում լուրջ պետությունների հետ։
Բաղապշի կարծիքով, այդ հարցում ամենագլխավորն այն է, որ անկախության ճանաչումը նախատեսում է նաեւ «մեր անկախությունը ճանաչած պետության առջեւ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում»։




























