Մոսկվայում կկանգնեցվի Թուրքիայում իրականացված հայերի Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան,- հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը։

Հաղորդման համաձայն, նախօրեին Մոսկվայի քաղաքային Դումայում կայացել է մոնումենտալ արվեստի հարցերով հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովը քննարկել է մայրաքաղաքում՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քանդակագործական կոմպոզիցիայի ստեղծման առաջարկությունը, որը ներկայացվել է Ռուսաստանի Հայերի միության կողմից։

Հանձնաժողովը՝ հաշվի առնելով հուշարձանի տեղադրման ֆինանսական պարտավորությունները ստանձնելու նախաձեռնողների պատրաստակամությունը, նպատակահարմար է համարել Մոսկվայի քաղաքային Դումային հանձնարարել՝ դրա տեղադրման առաջարկությունն ընդգրկել «Քաղաքային նշանակության մոնումենտալ-դեկորատիվ արվեստի գործերի ստեղծման մասին առաջարկությունների ցանկում»։

Թուրքիայում հայերի ցեղասպանության զոհերին նվիրված քանդակագործական կոմպոզիցիան կարող է տեղադրվել Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի ու Ռուսաստանի թեմի դեռեւս կառուցվող մայր տաճարի տարածքում՝ Տրիֆոնովսկայա փողոցի ու Օլիմպիյսկի պողոտայի հատման վայրում։