Բրյուսելում գտնվող Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը քաղաքական փախստական չէ: Այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

Նա նշել է, որ Պուչդեմոնը Բրյուսել է եկել որպես Եվրոպայի քաղաքացի, քանի որ այդ  կարգավիճակում նա օգտվում է բոլոր ազատություններից:

«Նա քաղաքական փախստական չէ, նրան ոչ ոք չի հետապնդում: Նա չի փախչում բռնապետական ռեժիմից ինչպես Հյուսիսային Կորեայում կամ Վենեսուելայում, հակառակը՝ Իսպանիան ժողովրդավարության իսկական օրինակ է: Սակայն նա խախտել է ինչպես Կատալոնիայի օրենքները, այնպես էլ ԵՄ կազմի մեջ մտնող երկրի Սահմանադրությունը»:

Բացի այդ, Տայանին կարծում է, որ ԵՄ-ն չպետք է զբաղվի Պուչդեմոնի ճակատագրով:

«Չեմ կարծում, որ դա Եվրոպայի գործն է: Դա Իսպանիյաի ներքին գործն է»,- կարծում է Տայանին:

Պաշտոնից հեռացված Պուչդեմոնը գտնվում է Բրյուսելում: Իսպանիայի արդարադատությունը նրան ապստամբության կազմակերպման մեջ է մեղադրում, ինչի համար նրան 30 տարվա ազատազրկում է սպառնում:

Պուչդեմոնը մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայից: