Նյու Յորքի ահաբեկիչ Սեյֆուլո Սաիպովը, որի զոհն է դարձել 8 մարդ, մահապատժի է արժանի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նյու Յորքի ահաբեկիչն ուրախ էր, երբ խնդրում էր իր հիվանդասենյակում ԻՊ դրոշը կախել: Նա 8 մարդու է սպանել, ծանր վնասվածքներ է պատճառել 12-ին: Նրան պետք է մահապատժի դատապարտել»,- իր Twitterում նշել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Սաիպովին ահաբեկչության մեղադրանք առաջադրվել, նրան ցմահ բանտարկություն կամ մահապատիժ է սպառնում: ՀԴԲ-ից հայտնել են, որ նա ահաբեկչությունն իրագործելու համար կանխամտածված էր ընտրել Հելոուինի օրը, քանի որ այդ օրը փողոցներում շատ մարդ է լինում, հայտնել են նաեւ, որ նա վճռել է հարձակում գործել՝ դիտելով ԻՊ քարոզչությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Մանհեթենում բեռնատարը մի քանի փողոցներում ընթացել է հեծանվային ուղեմասով՝ իր ճանապարհին վթարի ենթարկելով հեծանվորդներին, այնուհետեւ մխրճվել է դպրոցական ավտոբուսի մեջ: Ոստիկանները վարորդին վիրավորել են: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 8 մարդ, որոնց թվում՝ Արգենտինայի 5 քաղաքացի, ավելի քան 10-ը վնասվածքներ է ստացել: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն տեղի ունեցածը ահաբեկչություն է բնութագրել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակվողին անմեղսունակ է անվանել:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվածը 29-ամյա ուզբեկ Սեյֆուլո Սաիպովն է, որն ԱՄՆ է եկել 2010 թվականին: