ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրավաբանների իր թիմին, այդ թվում՝ նաեւ խորհրդական փեսա Ջարեդ Քուշներին մեղադրում է, որ նրանք իրեն խորհուրդ են տվել որոշում ընդունել, որը բերել է «ՌԴ հետ կապերի» գործով հատուկ դատախազի նշանակմանը, հայտնում է Vanity Fair ամսագիրը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

«2 աղբյուրների տեղեկացմամբ՝ Թրամփը խորհրդականների մոտ դժգոհել է իր իրավաբանների թիմից այն պատճառով, որ նրանք թույլ են տվել, որ («ՌԴ գործով» հատուկ դատախազ Ռոբերտ) Մյուլլերի քննությունն այդքան հեռուն գնա»,- հայտնում է պարբերականը: Աղբյուրներից մեկի խոսքով՝ երեքշաբթի Թրամփը (նախկին ռազմավարական խորհրդական Սթիվեն) Բենոնի հետ զրույցում «Քուշներին մեղադրել է նրա մասնակցությամբ որոշումներ ընդունելու համար, մասնավորապես (նրա նախկին խորհրդական Մայքլ) Ֆլինին եւ (ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս) Քոմիին ազատելու հետ կապված, որը հանգեցրել է Մյուլլերի նշանակմանը»: Թրամփի եւ Բենոնի զրույցին ծանոթ մյուս աղբյուրը հայտնել է, որ «երբ (նախընտրական շտաբի նախկին խորհրդական) Ռոջեր Սթոունը ասել է, որ Քուշները նրան քաղաքական վատ խորհուրդներ է տալիս, Թրամփը համաձայնվել է»:

Այս տեղեկության հետ կապված Սպիտակ տունը մեկնաբանություններ չի կատարել: