ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը հավակնոտ է եւ բավականին ընդգրկուն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` եվրոպական ինտեգրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվելիք համաձայնագրին:
«Համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել Երեւանի եւ Բրյուսելի միջեւ քաղաքական երկխոսությունը, ամուր հիմք ստեղծել սոցիալական, տնտեսական բարեփոխումները շարունակելու համար, քանի որ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության հանդեպ ամուր հանձնառություններն ընկած են այս փաստաթղթի հիմքում: Այս համաձայնագիրը համատեղ նախաձեռնություն է, որը հետագայում կխորացնի երկկողմ հարաբերությունները: Համաձայնագրով կստեղծվեն նաեւ էներգետիկայի, տրանսպորտի եւ շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր գործընկերություն ու ակտիվ շարժունակություն՝ հօգուտ մեր քաղաքացիների»,- ասաց Կարեն Նազարյանը:
Փոխարտգործնախարարի խոսքով, այս համաձայնագրով նոր ժամանակաշրջան է նշանավորվում նաեւ առեւտրային հարաբերություններում, սպասվում է, որ այն կբարելավի բիզնես միջավայրը, կլինեն նոր ներդրումներ, որն էլ հիմք կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման համար:




























