Հայաստանն այն երկրներից մեկն է, որտեղ ուղղվում են ռուսաստանցիները ԱՄՆ վիզա ստանալու նպատակով: Այս մասին bfm.ru կայքին ասել է Տուրինդուստրիայի ռուսական միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:

«Հիմնականում գնում են Լատվիա, Էստոնիա, Վրաստան, Հայաստան: Առավել հաճախ Թբիլիսի եւ Ռիգա: Վրացական օպերատորները նույնիսկ ռուսաստանցիների համար գինեվիզային տուրփաթեթներ են առաջարկում, որպեսզի, այսպես ասած, սպասելու գործընթացը համատեղեն լիարժեք հանգստի հետ, եւ ընդհանուր առմամբ սա պահանջարկ ունի»,- նշել է Տյուրինան:

Օպերատորների գնահատմամբ՝ վիզաների տրամադրումը դադարեցնելուց հետո Ռուսաստանից տուրհոսքերը 60-70 տոկոսով նվազել են: Նրա խոսքով՝  մինչեւ 2017-ի օգոստոսը դեսպանատունը Նոր տարվա նախօրյակին տրամադրում էր գրեթե 1200 ամերիկյան վիզա: «Հիմա, փաստորեն, չեն տրամադում: Բացառությամբ նրանց, ովքեր սովորելու են գնում, այսինքն՝ կրթական ուղեւորություններ կան, եւ ուսանողները վիզաներ ստանում են, սակայն, միեւնույն է, ձեւակերպունը ամսից ավելի է տեւում»,- հավելել է նա: