ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հավաքել է ապացույցներ 6 ռուս պաշտոնյաների մեղադրանք առաջադրելու համար՝ 2016-ի նախագահական ընտրությունների նախօրեին Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի համակարգչային համակարգերը կոտրելու կապակցությամբ, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներ։
Հաքերական հարձակման հետաքննությունը համատեղ իրականացնում էին Վաշինգթոնի, Ֆիլադելֆիայի, Պիտսբուրգի ու Սան Ֆրանցիսկոյի դաշնային գործակալները ու դատախազները։ Պարբերականը հայտնում է, որ դատախազությունը կարող է մեղադրանք առաջադրել հաջորդ տարի։
Ռուսական զինված ուժերի ու հետախուզության կոնկրետ ներկայացուցիչներին մեղադրանքների առաջադրումը կարող է նրանց համար դժվարացնել արտասահման մեկնելը, սակայն դժվար թե հանգեցնի կալանավորումների ու բանտարկության, գրում է պարբերականը։
Ամերիկյան հետախուզությունը հանգել է այն եզրակացության, որ այն կիբերհարձակումների ետեւում, որոնց հետեւանքով հրապարակվել են հազարավոր էլեկտրոնային նամակներ ու այլ փաստաթղթեր, ռուսական հետախուզական մարմիններն են եղել։ Հունվարին ԱՄՆ հետախուզությունը եզրակացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է կարգադրել միջամտել ընտրություններին՝ Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստելու համար։
Ռուսաստանը հերքում, որ միջամտել է ընտրություններին, իսկ Թրամփը պնդում է, որ իր շտաբը ոչ մի դավադիր դաշինք չի կնքել Ռուսաստանի իշխանություների հետ։ Եթե դաշնային դատախազները գործը հասցնեն դատարանին, կպարզվեն այն ռուս հաքերների անձը, որոնք պատասխանատու են եղել Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի վրա հարձակման համար։
Սա կարող է դառնալ երկրորդ դեպքը, երբ ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանի քաղաքացիներին կիբերհանցագործությունների մեջ։ Մարտին ԱՆ-ն մեղադրել էր երկու ռուս հետախույզների ու երկու հաքերների՝ 2014-ին 500 մլն Yahoo հաշիվների առեւանգումը կազմակերպելու մեջ։



























