ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը իր ընտանիքի անդամ նախկին նախագահների մասին գրքում Դոնալդ Թրամփին պարծենկոտ էր անվանել, հայտնում է The Hill-ը։

Պատմաբան Մարկ Ափդեգրոուվը նախկին նախագահի բառերը ընդգրկել էր «Վերջին հանրապետականները» գրքում, որը վաճառքի կհանվի նոյեմբերի 14-ին։

«Ինձ նա դուր չի գալիս։ Ես շատ բան չգիտեմ նրա մասին, բայց գիտեմ, որ նա պարծենկոտ է։ Ես շատ հիացած չեմ, որ նա առաջնորդ է»,- 2016-ի մայիսին հեղինակին ասել էր Ջորջ Բու ավագը։ Նախկին նախագահի խոսքով՝ Թրամփը կարող էր միավորել երկիրը, սակայն դա նրանից համեստություն կպահանջեր, որը դժվար է պատկերացնել Թրամփի դեպքում։

Ջորջ Բուշ կրտսերն էլ իր հերթին հայտնել էր, որ Թրամփը չգիտի, թե ինչ բան է լինել նախագահ։

Սպիտակ տունն արձագանքել է այդ քննադատությանը։ «Եթե նախագահի մի թեկնածու կարող է փլուզել քաղաքական կուսակցությունը, դա խոսում է այն  ժառանգության մասին, որն իրականում իրենցից հետո թողել են այդ կուսակցությունը ներկայացնող 2 նախկին նախագահները»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է The Hill-ը։