ԱՄՆ Յուտա նահանգից ամուսինները պատմել են, որ իրենց Սալիվան շունը սովորել է հազ եւ մրսածության այլ ախտանշաններ ձեւացնել, որ զույգը տանը մնա եւ իրեն խնամի, հայտնում է BuzzFeed News-ը:
Անասնաբույժի մոտ զննմամբ պարզվել է, որ տերերին մի քանի օր աշխատանքի չգնալ պարտադրած շունը բացարձակապես առողջ է:

«Մենք վստահ ենք՝ նա գիտի, որ մենք գիտենք իր ձեւացնելու մասին»,- ասել է շան տիրուհի Քեննեդի Լոնգհերսթը:
Շան կեղծ հիանդությունը սկսվել է, երբ աղջիկը տուն լանչի է եկել եւ լսել շան «հազի, հեղձուկի եւ կոկորդը մաքրելու ձայնի տարօրինակ համակցությունը»: Լոնգհերսթն անհանգստացել է եւ աշխատանքից տուն է կանչել ամուսնուն՝ Ալեքս Սալսբերիին:

Նա վախեցել է շան առողջության համար եւ սկսել է համացանցում շների հիվանդությունների մասին տեղեկություններ փնտրել, երբ նկատել է, որ Սալիվանն իրեն միանգամայն առողջ շան պես է պահում, սակայն դրա հետ մեկտեղ շարունակում է տարօրինակ կերպով հազալ:
Գիշերը հազը դադարել է, սակայն հաջորդ առավոտյան, երբ Սալսբերին պատրաստվել է աշխատանքի գնալ, շունը դարձյալ հիվանդություն է ձեւացրել:

Ամուսինները որոշել են նրան անասնաբույժի մոտ տանել: Զննումն անցկացրած բժիշկը հայտնել է, որ Սալիվանն առողջ է, իսկ տնային կենդանիները հաճախ են ինքնազգացողության վատթարացում ձեւացնում, որ արժանանան տիրոջ ուշադրությանը կամ ստանան հիվանդի հատուկ արտոնությունները:
Պիտսբուրգի համալսարանի կենդանիների վարքի մասնագետ Քոլին Ալենը BuzzFeed News-ին ասել է, որ Սալիվանն, ավելի շուտ, ամուսիններին չի խաբել, այլ հենվել է նախկին փորձի վրա, որի ժամանակ հազը տերերի համար ազդանշան էր իր վրա ուշադրություն դարձնելու համար:




























