«Ժառանգություն» կուսակցության վարչության՝ նախօրեին կայացած նիստի որոշումը ապօրինի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության նախկին փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը։ Հիշեցնենք, որ «Ժառանգության» վարչության նիստում որոշում էր կայացվել հեռացնել ԿԸՀ-ում ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին եւ Մովսես Արիստակեսյանին։
Վերջինս լրագրողներին հայտնեց, որ ըստ կանոնադրության՝ յուրաքանչյուր անդամ պետք է ներկա գտնվի նիստին, եթե այնտեղ քննարկվում է իր հարցը, սակայն, ըստ Արիստակեսյանի՝ անձամբ իրեն գրավոր տարբերակով չեն նախազգուշացրել։
Արիստակեսյանը նաեւ որպես ակնհայտ ապօրինություն նշեց փաստը, որ որոշման մեջ գրված է, թե հեռացվել են 6 հոգի, սակայն 3 հոգու անունը չկա, գումարած այն, որ հեռացվածների ցուցակում նշված չէ Զոյա Թադեւոսյանի անունը։
«Ժառանգության» վարչության նախկին փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը համոզված է, որ այս որոշումը առոչինչ է, եւ ինքը պատրաստվում է դիմել արդարադատության նախարարությանը՝ քննելու վարչության որոշման համապատասխանությունը օրենքի հետ:
Հարցին, թե ո՞վ է մեղավոր կուսակցության պառակտման համար, Մովսես Արիստակեսյանը ասաց. «Մեզ եմ մեղադրում կուսակցության պառակտման մեջ»:
Այնուամենայնիվ Արիստակեսյանը դեռեւս չի պատրաստվում լքել «Ժառանգությունը», քանի դեռ, ինչպես ինքն է ասում, իրենց կողքին են կուսակցության տարածքային 7-ը կազմակերպություններ:
Ի դեպ «Ժառանգության» նախկին անդամը խոսեց նաեւ վարչության ներկայիս նախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ արվեստի նկատմամբ ունեցած «սիրո» մասին եւ նշե, որ նա անընդհատ այցելում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկարների ցուցահանդեսներին, ինչը, իշխանությունների հետ համագործակցության կասկածի տեղիք է տալիս։




























