«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նոր քաղաքական նախագծի հնարավորության մասին NEWS.am-ի հարցը հարուցեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանի բավական բուռն արձագանքը: «Նոնսենս է եւ անհեթեթություն, սուտ եւ հերյուրանք»,- հայտարարեց Խուրշուդյանը՝ մեկնաբանելով գործակալության աղբյուրների տեղեկությունը, թե Հովհաննիսյանը պատրաստվում է «Նոր ժառանգություն» անունով կուսակցություն հիմնել՝ «Ժառանգություն» խորհրդարանական կուսակցության հիման վրա, որի շուրջ վերջին օրերին աղկմոտ սկանդալ է տեղի ունեցել:

Ինչպես հայտնեց Խուրշուդյանը NEWS.am-ի թղթակցին, Հովհաննիսյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու լուրերն այնքան անհեթեթ, որ մեկնաբանության ենթակա չեն: «Ես ենթադրում եմ, թե ով է տարածում այդ լուրերը, եւ ինչ նպատակով, բայց ուզում եմ նախազգուշացնել, որ ցանկալի արդյունքի չեն հասնի: Ակնհայտ է, նրանք հուսով են, որ իրենց տարածած սուտը կընդունվի հանրության մեջ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է հանրապետության սահմաններից դուրս, եւ իր համար դժվար կլինի հերքել դրանք: Մեկ անգամ եւս կրկնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը չեն համապաստախանում իրականությանը»,- հայտարարեց Հ.Խուրշուդյանը: Նշենք, որ ոչՀովհաննիսյանի կուսակիցները, ոչ օգնականները, ոչ շրջապատը տեղյակ չեն, թե երբ նա կվերադառնա Հայաստան:

Նշենք նաեւ, որ կուսակցության՝ անցած տարի կայացած համագումարից հետո նրա շարքերում խլրտումներ սկսվեցին, ինչի հետեւանքով օրերս «Ժառանգության» շարքերից հեռացվեցին ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, պատգամավոր, վարչության նախկին նախագահ Վարդան Խաչատրյանը եւ Մովսես Արիստակեսյանը, որն անցնելու է խորհրդարան «Ժառանգության» համամասնական ցուցակով Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականից հետո: Հիշեցնենք, որ կուսակցության նախորդ տարվա որոշմամբ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Անահիտ Բախշյանը, ամիսներ անց Հովհաննիսյանը հրաժարվեց նաեւ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնից, իսկ օրերս հրաժարվեց նաեւ պատգամավորի մանդատից: