Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սոցիալ-տնտեսական իրավիճակի հետագա վատթարացումը երկրում եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների հետագա թանկացումը կարող են հանգեցնել սոցիալական պայթյունավտանգ իրավիճակի ու բողոքական տրամադրությունների աճի՝ ունակ վերածվելու փողոցային ցույցերի։
Նրա խոսքով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը շարունակվում է «օլիմպիական ցատկերով»։ «Կառավարության քաղաքականությունը բացարձակ անարդյունավետ է, եւ թե ինչի դա կհանգեցնի, դժվարանում եմ ասել»,-նշել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ երկրից աղետալի արտագաղթ է տեղի ունենում, իսկ աղքատության ու գործազրկության մակարդակը աճում է արագ տեմպերով։
Պատգամավորի կարծիքով՝ այս ամենից ինչ-որ լուծում պետք է գտնվի եւ ինչ-որ կերպ հանգուցալուծվի։ «Այն, որ իրավիճակը կհանգեցնի արտագաղթի աճի, հաստատ է։ Բայց թե ժողովուրդը դուրս կգա փողոց, դժվարանում եմ ասել, քանի որ հիմա կամ ընդհանրապես վերջին տարիներին երկրում տիրում է ինչ-որ ներքին անտարբերություն եւ ինչպես ասում են՝ մարդիկ բողոքում են ոտքերով՝ լքելով երկիրը»,-եզրափակել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը։
Նշենք, որ համաձայն 2018 թվականի պետական բյուջեի տվյալների՝ դեֆիցիտը կազմել է 4 տոկոս։ Գնաճի ֆոնին չի նախատեսվում աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում։ Բացի այդ, Հայաստանի պետական պարտքը 2017 թվականին հասել է 6 միլիարդ 813 միլիոն դոլարի, իսկ 2018 թվականին այն կկազմի 7 միլիարդ 209 միլիոն դոլարի։




























