Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված համաձայնագիրը կարեւոր քայլ կդառնա երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են, արդյոք, Հայաստանի առջեւ նոր մարտահրավերներ ծառանալ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունների սրման պայմաններում շրջանակային համաձայնագրի ստորագրման ֆոնին։
Նրա խոսքով՝ սա կամրապնդի քաղաքական երկխոսությունը եւ ամուր հիմքեր կստեղծի տնտեսական եւ սոցիալական բարեփոխումները շարունակելու համար: «Պետք է նշել, որ համաձայնագիրի հիմքում ընկած է հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը: Հենց սա պետք է լինի հարաբերությունների հիմքում»,- նշել է Էնֆիաջյանը՝ միաժամանակ շեշտելով, որ շարունակվող եւ անընդհատ աճող գլոբալ դիմակայությունը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, որը հիմնականում դրսեւորվում է Արեւմուտքի շահերի ընդլայնման համատեքստում, թույլ է տալիս փորձագետներին ու վերլուծաբաններին պնդել, որ Սառը պատերազմի նոր փուլ է սկսվել եւ դա փաստ է:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, կարծես, շարունակում են մնալ շահերի բախման առաջնային գծում, որի պատճառով Հայաստանը կարող է բախվել նոր մարտահրավերների, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում: Միաժամանակ, ըստ Վահե Էնֆիաջյանի, «եվրոպական ուղին», առաջին հերթին, տանում է օրենքի գերակայության եւ արդյունավետ կառավարման, իսկ արտաքին քաղաքականության հիմքում պետք է հետեւել սեփական շահերին, երբեմն նույնիսկ ցանկացած գնով:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։




























